13.10.2026

Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ ջիու-ջիթսուի առաջնության պատվո հարթակում

Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի քոլեջի ուսանողներ Սերգեյ Սնխչյանը և Մարտին Դավթյանը ջիու-ջիթսուի (Gi և No-Gi) ազգային բաց առաջնությունում նվաճեցին ոսկե և արծաթե մեդալներ։ Մրցաշարը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոս, տաղանդավոր մարզիկ Գարիկ Արևիկյանի հիշատակին։

1-ին կուրսի ուսանող Սերգեյ Սնխչյանը զբաղեցրեց առաջին տեղը։ Սա նրա մարզական կարիերայի առաջին խոշոր հաջողությունը չէ․ Սերգեյը գրեփլինգի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, ազատ ոճի ըմբշամարտի PWL միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող և գրեփլինգի Հայաստանի չեմպիոն։

Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Մարտին Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նրա մարզական նվաճումների շարքում են նաև գրեփլինգի Եվրոպայի U17 առաջնության բրոնզե մեդալը և Հայաստանի չեմպիոնի կոչումը։